Մաշտոցի պուրակում քաղաքացիական պայքարը շարունակվում է: Այսօր պուրակում պուրակի «պաշտպանները» կկազմակերպեն մի շարք միջոցառումներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց բնապահպանական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը:
Ժամը 12:00 – 16:00 – ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար կտրամադրվեն հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է` fraxinus)։ Ակտիվիստները սիրով բոլորին հրավիրում են այցելել (բահերով) Երևան քաղաքի Գլխավոր պողոտային հարող «Մաշտոցի» պուրակ տնկիներ վերցնելու համար։ Վերը նշված վայրում ձևավորվելու է «գրասենյակ»՝ բաղկացած սեղանից և աթոռներից, որին մոտենալով այցելուները կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաև ուղեցույց` տնկիները բարենպաստ տեղերում տնկելու և դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին։
Ժամը 18:18 – նախատեսվում է քաղաքացիական ամբիոն տրամադրել բուսաբան Նինա Ստեփանյանին: Թեման` 1. «Կանաչապատո՞ւմ, թե՞ կանաչահատում (ծառերի խորը էտում` արդյոք դա ճի՞շտ է)» և 2. «Հերթական կանաչ տարածքների զավթում (ընդհանուր օրինաչափություններ)»:
Ժամը 20:00 – 21:00 – Մաշտոցի պուրակում «Այրուձի» հեծյալ ակումբը կներկայացնի ավանդական ստվերների թատրոն: Կցուցադրի նաև «Այրուձի» ֆիլմը:






































