Հակաիշխանական երգիծական AntyKomor.pl կայքի հեղինակ Ռոբերտ Ֆրիչին մեղադրում են Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.pl-ն: Տոմաշուվ-Մազովեցկի քաղաքի բնակիչ Ֆրիչի դեմ առաջադրվել է նաև մեղադրանք փաստաթղթերի կեղծման վերաբերյալ: Մեղադրանքների հաստատման դեպքում Ֆրիչը կարող է մինչև 5 տարվա ազատազրկման դատապարտվել:
26-ամյա ուսանող Ֆրիչի գործը սկսվեց ուղիղ մեկ տարի առաջ. 2011-ի մայիսին նրա տուն եկան Ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները և առգրավվեցին Ֆրիչի համակարգիչը, կոշտ սկավառակները և ինֆորմացիայի այլ կրիչներ: Ինչպես հետաքննության արդյունքում պարզվել է՝ ուսանողը պայմանական դատվածություն ունի՝ հեռուստահաղորդակցական ընկերություններից մեկի սերվերը կոտրելու համար:
AntyKomor.pl կայքը բլոգ է, որում զետեղվում են Կոմորովսկու մասին երգիծական բնույթի նորություններ: Կայքում տեղադրված են նաև նախագահի լուսանկարները, որոնք Կոմորովսկուն ներկայացնում են հարբեցողի, համասեռամոլի տեսքով: Բացի այդ, կայքում կարելի է խաղալ «Կոմորայի մարդասպանը» խաղը:
Ֆրիչի համակարգչի առգրավումից հետո կայքը փակվել է, սակայն Ֆրիչը կայքը տեղափոխել է ամերիկյան սերվերի վրա և վերագործարկվել:
Ֆրիչի հետապնդումը բողոքի ալիք է առաջացրել լեհ բլոգերների շրջանում: Նրանք Ֆրիչի գործն անվանել են մահափորձ՝ խոսքի ազատության դեմ :











































