«Ինխա-3» հրթիռի անհաջող արձակումից հետո Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական սադրանքներ կազմակերպել Հարավային Կորեայի դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, ապրիլի 13-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումներում հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը:
«Եվս մեկ հեռահար հրթիռի արձակման, միջուկային փորձությունների և ռազմական սադրանքների հավանականությունը շատ բարձր է»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը: Նրա կարծիքով, նման գործողություններով Փխենյանը փորձում է անհաջողության ֆոնի վրա ամրապնդել իր ժողովրդի հավատը: Այնուաամենայնիվ, նա խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բացահայտ սադրանքի նշաններ առայժմ չեն երևում:
Կորեական «Ռենհապ» գործակալության փոխանցմամբ՝ Սեուլում «Ինխա-3»-ի արձակումն իսկ սադրանք են համարել: Հարավային Կորեայի արտգործնախարար Չոնգ Վա Դեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում դատապարել է «Կորեական թերակղզու անվտանգությանը և խաղաղությանը սպառնացող գործողությունները»: Բացի այդ, նախարարը խոստացել է «հակադարձ միջոցառումներ ձեռնարկել» հյուսիսային հարևանի դեմ:
Հիշեցնենք. ավելի վաղ ԱՄՆ-ը և Ճապոնիան նույնպես Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը որակել էին որպես տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող սադրանք:







































