Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ի երեկ տարածած հայտարարությանը, որում Ռուսաստանի քաղաքացիներին կոչ է արվել չայցելել Վրաստան, քանի որ այդ երկրի հատուկ ծառայությունները հարցաքննում ու բռնություններ են գործադրում նրանց նկատմամբ.
«Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ Ռուսաստանի հետ գործող անցագրային ռեժիմի միակողմանի վերացումը հանգեցրեց Վրաստան այցելող ռուսների քանակական կտրուկ աճին: Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունները կորցրել են իրենց և նախ անհեթեթ պատրվակներով հրաժարվեցին պատասխան քայլերից (Վրաստանի հետ գործող վիզային ռեժիմի վերացումից), ապա փորձեցին և ներկայումս էլ փորձում են ահաբեկել իրենց քաղաքացիներին: Մենք համոզված ենք, որ ռուսական իշխանությունների այդ փորձը որևէ կերպ կապված չէ Վրաստանում ռուս քաղաքացիների հետ կապված որևէ ռիսկի հետ»:







































