Հայաստանում գտնվող ԵԽԽՎ պատվիրակության անդամներ` Եվրոպայի խորհրդի Լեհաստանի պատվիրակությունից Պյոտր Վախը և Լորդերի պալատի անդամ, Միացյալ Թագավորության պատվիրակության անդամ բարոնուհի Նիքոլսոնն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ երկրորդ օրն է` Հայաստանում են, արդեն հանդիպումներ են ունեցել մի շարք քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մոտ կես տասնյակ հ/կ-ների, նաև՝ ԿԸՀ-ի, ոստիկանության, անձնագրային վարչության հետ:
«Առիթ չենք ունեցել ընտրողների հետ խոսելու, մեր գործը չի առնչվում նրա հետ, թե ով է ընտրվելու և ով` ոչ, մեր գործն առնչվում է ընտրությունների դիտարկման հետ»,- նշեց բարոնուհի Նիքոլսոնը` կարծիք հայտնելով, թե չի կարելի լավ ընտրություններ անցկացնելու հույսը դնել միջազգային դիտորդների վրա: Նրա փոխանցմամբ՝ մոտ 500 միջազգային դիտորդ ներկա կգտնվի այս խորհրդարանական ընտրություններին:
Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են նկատել հանդիպումների ընթացքում, և հետևություններ արվե՞լ են, նա պատասխանեց, թե իրենք չեն բացահայտել որևէ խնդիր, բայց նկատել են, որ շատ աշխույժ քաղաքական բանավեճ է ընթանում: Բարոնուհին հայտնեց, որ իրենք հետևելու են և կցանկանային տեսնել կատարյալ ընտրություն, որպեսզի Հայաստանը իր կողմից բոլոր գործողություններով համապատասխանի միջազգային չափանիշներին, բայց եթե լինեն թերություններ, իրենք նաև դա կմատնանշեն:
Անդրադառնալով ընտրացուցակների անճշտություններին` նա ասաց, թե իրենք մոտ 45 րոպե Անձնագրային և վիզաների վարչության հետ են հանդիպել: Հանդիպումը, նրա գնահատմամբ, շատ գոհացուցիչ է եղել. «Այդ կառույցն աշխատում է ավելի թափանցիկ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ: Տեսակետների միջև տարբերությունը ծայրահեղ մեծ է, մենք չէ, որ պետք է նշենք, թե կշեռքի նժարը, որ կողմ պետք է թեքվի»:











































