Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 12-ին Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Օրինաց երկիր» խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավար Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը հետաքրքրվել է Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներից:
Կարևորելով ընտրությունների անվտանգ և ապահով կազմակերպումը` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ ընտրատեղամասերում արդեն փակցված են ընտրական ցուցակները, և բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ՕԵԿ-ը, ակտիվ ստուգումներ են իրականացնում ցուցակներում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:
Կարևորելով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները` տիկին Բիշարյանը նշեց, որ այն ընտրություններն արդար և թափանցիկ անցկացնելու ավելի մեծ հնարավորություն է տալիս: Ըստ խմբակցության ղեկավարի` Ընտրական օրենսգրքում գուցե կան փոքր բացեր, սակայն դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ընտրությունների որակի վրա:
ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու` ինքը հետևողական կլինի ընտրությունները թափանցիկ անցկացնելու հարցում:
Պատվիրակության ղեկավարի խնդրանքով տիկին Բիշարյանն անդրադարձել է ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի գործունեությանը` նշելով, որ խումբն ընտրական գործընթացների հետ կապված բոլոր խնդիրները պատրաստ է քննարկել, արձագանքել այն դրսևորումներին, որոնք չեն բխի օրենսդրությունից:
Խմբակցության ղեկավարը կարևորել է միջազգային դիտորդական առաքելությունների դերն ընտրությունների թափանցիկ անցկացման գործում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հանդիպել են ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության հետ միասին մասնակցող «Ազատ դեկոկրատներ» կուսակցության անդամներ Անուշ Սեդրակյանը և Արմեն Առաքելյանը:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տեղեկացրեց, որ մայիսի 3-4-ը Հայաստան կժամանեն 30 հոգուց բաղկացած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները:
Բարոնուհու խնդրանքով «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են ընտրական գործընթացներին առնչվող և իրենց մտահոգող հարցերը:
Մասնավորապես, ըստ Ստյոպա Սաֆարյանի` ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գտնվում են մրցակցային անհավասար դաշտում, քանի որ իշխանության ձեռքին են գտնվում վարչական ռեսուրսները: Նրա կարծիքով` բարեգործության անվան տակ հատկապես գյուղական համայնքներում բաժանվում են տարբեր նվերներ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը նշեց, թե իրականացվում են, այսպես ասած` քողարկված ընտրակաշառքներ, երբ որոշակիորեն թանկ ապրանքը վաճառվում է համեմատաբար ցածր գնով:
Ըստ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների` նախընտրական շրջանում, ինչպես նաև բուն ընտրությունների օրը տեղի են ունենում բռնարարքներ, ուռճացվում են ընտրական ցուցակները:
Անդրադառնալով մեծամասնական համակարգով կայանալիք ընտրություններին` Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ այս դաշտում ևս ընդդիմադիր թեկնածուները հանդիպում են դժվարությունների: Դրանցից է, օրինակ, նախընտրական շտաբի համար տարածք վարձակալելու հարցը: Ըստ նրա` տարածքների տերերը հրաժարվում են դրանք վարձակալության հանձնել ընդդիմադիր թեկնածուներին:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը կարծիք է հայտնել, որ նմանօրինակ խնդիրներ առկա են ողջ աշխարհում, ուստի այդ իմաստով Հայաստանը բացառություն չէ:
Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին խնդրեց գրավոր իրեն տրամադրել ներկայացված մտահոգություններն ու հարցերը, որպեսզի մայիսին Հայաստան ժամանող ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամներն առավել հստակ պատկերացնեն բոլոր խնդիրները:
ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը հանդիպեց նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ: Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընտրություններին հետևելու պատրաստակամություն հայտնած պատվիրակության անդամներին` հույս հայտնելով, որ նրանց դիտորդական առաքելությունը կհաջողվի ու արդյունավետ կլինի:
Վահան Հովհաննիսյանը, խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը ներկայացրել են նախընտրական փուլի և բուն ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները: Որոշ հանգամանքներով պայմանավորված` պատգամավորները վերապահումով են վերաբերվում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը: Լիլիթ Գալստյանի կարծիքով` սոցիալ-տնտեսական վիճակը և աղքատության բարձր ցուցանիշը խոցելի են դարձնում քաղաքացուն ազատ ընտրելու և արտահայտվելու հարցում: Պատգամավորը պատճառներից մեկը համարեց նաև քաղաքական մշակույթի բացակայությունը, երբ ընտրություն է կատարվում ոչ թե գաղափարախոսությունից ելնելով, այլ տարբեր չափանիշներով առաջնորդվելով: ՀՅԴ պատգամավորները մտավախություն հայտնեցին վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործման, քարոզչական անհավասար պայմանների, անձնագրերի հավաքագրման` իրենց հասած լուրերի վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ընտրություններին վերաբերող այլ խնդիրների, խոսվել է միասնական շտաբ ձևավորելու անհրաժեշտության և ջանքերը համատեղելով ընտրությունները վերահսկելու արդյունավետության մասին: Վահան Հովհաննիսյանը նկատել է, որ իրենց նախաձեռնած «Քվեն ուժ է» հասարակական շարժումը բաց է բոլորի համար և կարող է համագործակության լավ հարթակ դառնալ: Այդուհանդերձ` ՀՅԴ-ն քաղաքական այլ ուժերի հետ համագործակցում է նաև երկու կառույցում` ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբում և ընդդիմադիր ուժերի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական շտաբում:
Խմբակցության անդամները կարևորել են դիտորդների երկարաժամկետ և մեծաքանակ ներկայությունն ընտրական փուլում` ժողովրդավարական չափանիշերին համապատասխան ընտրություն անցկացնելու համար:
ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հանդիպեցին Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը:
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ և ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրենց կուսակցության աշխատանքը թե քարոզարշավի նախապատրաստական փուլում, թե քարոզարշավի ընթացքում: Նա նշեց, որ ԲՀԿ-ն մասնակցում է ընտրությունների ազատ և արդար ընթացքը վերահսկող թե խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության հետ ձևավորված ձևաչափի, թե ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի, թե պատգամավոր Դավիթ Հարությունյանի նախաձեռնության աշխատանքներին:
Անդրադարձ է եղել տարբեր քաղաքական ուժերին ու ԲՀԿ-ին մտահոգող ընտրացուցակների խնդրին, այդ առիթով մամուլում եղած հրապարակումներին, մեկ հասցեում մի քանի տասնյակից ավելի գրանցումներին, կրկնակի անձնագրերի վերաբերյալ հրապարակումներին: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ընտրացուցակները ԲՀԿ տարածքային կառույցներում մանրամասնորեն ճշգրտվում են հրապարակման օրվանից, որի վերաբերյալ միջազգային դիտորդներին համապարփակ տեղեկատվություն կներկայացվի աշխատանքն ամփոփելուց հետո:
Նույն օրը ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի, քարտուղար Գագիկ Մելիքյանի, անդամներ Դավիթ Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի և Արտակ Զաքարյանի հետ:
Անդրադառնալով նախընտրական գործընթացներին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել է, որ երկրում քաղաքական իրավիճակը կայուն է, հասարակության ակտիվությունն առաջիկա ընտրություններին գնալով նկատելի է դառնում: Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ քաղաքական բոլոր ուժերը տրամադրված են անցկացնելու լավ ընտրություններ: Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն, որպես քաղաքական հզոր ուժ, մեր ժողովրդի ու նրա ապագայի, երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար անում է ամեն ինչ ընտրություններն ազատ և արդար անցկացնելու ուղղությամբ:
Կարևորելով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները` Գալուստ Սահակյանը նշել է, որ այն ոչ միայն պետական կառույցներին է հնարավորություն տալիս վերահսկողություն իրականացնելու ընտրությունների պատշաճ անցկացման նկատմամբ, այլ նաև քաղաքական բոլոր ուժերին: Խմբակցության ղեկավարն առավելություն է համարում նոր Ընտրական օրենսգրքով վստահված անձանց վերահսկողական ընդգրկուն մեխանիզմների տրման հնարավորությունը: Նա կարևորեց միջազգային դիտորդական առաքելություների դերը և մոտեցումներն ընտրական գործընթացներում:
Պարոն Սահակյանն անդրադարձել է նաև ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի աշխատանքներին, որում ընդգրկված են ընտրություններին մասնակից կուսակցություններ, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը հետաքրքրվել է ընտրացուցակների ճշգրտությամբ: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ ցուցակները բաց են և հասանելի հանրության համար: Նա անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնք ընտրական գործընթացները դարձրել են առավել թափանցիկ և հնարավորություն տվել անցկացնելու ազատ և արդար ընտրություններ:









































