Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանից առաջին չվերթը սպասվում է այս տարվա հունիս-հուլիս ամիսներին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
«Օդանավակայանն արդեն, կարելի է ասել, պատրաստ է: Զբաղվում են ինքնաթիռներ ձեռք բերելով: Ֆինանսական հարցերը լուծել ենք, ուսումնասիրում են, թե որտեղից կարելի է այդ գումարով ինքնաթիռ գնել»,- ասաց Դ. Ադբաշյանը՝ չնշելով, թե որքան գումար է հատկացվելու ինքնաթիռների ձեռք բերման համար: Ըստ նրա՝ դա առևտրային գաղտնիք է:
Դ. Ադբաշյանի խոսքով` դեռ պարզ չէ նաև ինքնաթիռի մակնիշը. «Սկսում ենք քչից, հետո կամաց-կամաց պետք է զարգանանք»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսվում էր գործարկել դեռևս անցյալ տարվա մայիսի 9-ին: Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի առաջին ուղևոր հավակնում է դառնալ Սերժ Սարգսյանը:











































