Եգիպտոսի դատարանը երեկ որոշում է կայացրել թույլ տալ սալաֆի հոգևորականին մասնակցելու այդ երկրի նախագահական ընտրություններին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ Եգիպտոսի ԿԸՀ-ն արգելել էր Հազմ Աբու Իսմայիլին գրանցվել որպես նախագահի թեկնածու, քանի որ նրա մայրն ԱՄՆ քաղաքացի է:
Նշվել էր, որ Եգիպտոսում նախագահ չեն կարող դառնալ այն անձինք, ում ծնողները կամ կինն այլ երկրի քաղաքացիներ են: Դատարանի որոշման մեջ նշվել է, որ Հազմի մոր՝ ԱՄՆ քաղաքացի լինելու հանգամանքը չի խոչընդոտում հոգևորականին գրանցվել որպես թեկնածու:
Տեղեկացնենք, որ սալաֆիականությունն իսլամի պահպանողական ուղղություններից մեկն է, որը հանդես է գալիս իսլամի վաղ շրջանի ուսմունքի վերականգնման և ժամանակի ընթացքում իսլամի վրա այլ ազդեցությունների վերացման օգտին: