Ընտանիքի հարցերով վաշինգտոնցի փորձագետները հանդես են եկել զեկույցով, որի համաձայն՝ քաղաքացիների ամուսնությունը նպաստում է երկրի տնտեսական աճին:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», փորձագետները պարզել են, որ «ամուսնալուծությունների հեղափոխությունը» նվազեցնում է ԱՄՆ տնտեսական աճի տոկոսը: Ամուսնության և կրոնի ինստիտուտի տնօրեն Փեթ Ֆագանի խոսքերով՝ ինքը ոչ մի այլ գործոն չի տեսնում, որն այդքան մեծ ազդեցություն կարող է ունենալ տնտեսական աճի նվազման վրա:
ԱՄՆ-ում «ամուսնալուծությունների հեղափոխությունը» սկսվել է 1960-ականներին և շարունակվել մինչև 1970-ականների առաջին կեսը: Այդ ընթացքում ամուսնալուծությունների տոկոսը 3 անգամ ավելացել է և այժմ էլ շարունակում է շատ բարձր մնալ:
Ամուսնության և կրոնի ինստիտուտի մասնագետների կարծիքով՝ «մարդկային կապիտալը, և հատկապես նրա գիտելիքներն ու աշխատանքը, ԱՄՆ տնտեսական աճի գլխավոր բաղադրիչներից են»:
Ընտանիքն այն ինստիտուտն է, որը խթանում է աշխատանքի կայուն արտադրողականություն: Ամուսնանալուց հետո մարդու աշխատանքի արդյունավետությունն աճում է 27%-ով: Ամուսնալուծությունը, որ դարձել է ամերիկյան մշակույթի մի մասը, արդեն նախկին ամուսիններին զրկում է արդյունավետ լինելու անհրաժեշտությունից և դրանով իսկ մշտապես արգելակում է պետության տնտեսական աճը:
«Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) կողմից անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ընտանիք ունեցող մարդկանց ավելի քան 80%-ը ապահովված են բնակարանով, իսկ միայնակ կանանց և տղամարդկանց միայն 50%-ն է ի վիճակի տուն գնել կամ հիպոթեքային վարկ վերցնել:
Ամուսնության և կրոնի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել են «ամուսնանալու 162 պատճառ»: Աշխատանքային արդյունավետությունը և տնտեսական կայունությունը այդ աղյուսակի միայի 49-րդ հորիզոնականում են: Ամուսնանալու ամենակարևոր պատճառներից են կյանքի լավ որակը, կայունությունը և երեխաների հետ վստահելի հարաբերությունները:
Իհարկե, շատերը կարող են թվարկել միայնակ լինելու դրական կողմերը՝ ազատ կենսակերպ, ընտանեկան պարտականությունների բացակայություն: Սակայն սոցիոլոգները պնդում են, որ հենց այդ ընտանեկան պարտավորություններն էլ օգնում են մարդուն ապրել և աշխատել արդյունավետ:
9000 մարդու շրջանում անցկացված՝ 15 տարի տևած հետազոտությունը ցույց է տվել, որ այդ տարիների ամբողջ ընթացքում ամուսնական կապերով կապված մարդիկ 2 անգամ ավելի շատ կապիտալ են կուտակել (մեկ մարդու կտրվածքով), քան միայնակները:







































