ՀՀ տնտեսությունը բաժանված է մի քանի խմբերի և մարդկանց միջև՝ քյոխվայության, լիբերալիզմի, սոցիալիզմի ու օլիգոպոլիայի տարրերի. «Սիվիլիթաս» հիմնադրամում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք աշխատելու ենք դիվերսիֆիկացնել հարկային դաշտը՝ մանավանդ լեռնային շրջաններում, մեծ տեղ ենք տալու արդյունաբերության զարգացմանը, ձգտելու ենք տարեկան մեկուկես միլիարդ դոլարի ներդրումներ հաջողել»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով՝ ամենակարևոր հարցը բիզնեսի ու քաղաքականության տարանջատումն է: «Հայաստանում բոլոր գործարարները նաև քաղաքականության մեջ են: Երևույթն առկա է անգամ միջին օղակներում»,- ասաց պատգամավորը:
Քննարկմանը ներկա Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանն էլ հավելեց, որ հարկային դաշտը Հայաստանում բավական խիստ է:
«Մինչդեռ հարկային ճիշտ քաղաքականությամբ կարելի է զարգացնել տնտեսությունը: Հարկային քաղաքականության փոփոխությամբ կարելի է նաև կրճատել ստվերը: Մյուս կարևոր խնդիրն ազատ մրցակցության ապահովումն է»,- ասաց նա:
ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը հավելեց, որ Հայաստանը տնտեսություն չունի: «Մենք առաջարկում ենք ստեղծել խոշոր տնտեսությամբ երկիր, զարգացնել փոքր և միջին բիզնեսը: Մենք առաջարկում ենք վարել բարձր եկամտի քաղաքականություն, կառուցել լրիվ նոր տնտեսական քաղաքականություն»,- ասաց նա:
«Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Երանոսյանն իր հերթին նկատեց, որ տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտը ստվերի առկայությունն է:







































