WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Շվեդիայի հատուկ ծառայությունները վերահսկում են Ռուսաստանից եկող համացանցային հոսքերի 80%-ը: Նրանք այդ տեղեկություններն արխիվացնում են և փոխանցում ամերիկացի գործընկերներին: Այս մասին հաղորդում է New Internationalist բրիտանական ամսագիրը, որին հարցազրույց է տվել Ասանժը:
«Ամեն ինչին հետևում են և արխիվացնում, այնուհետև, եթե ինչ-որ մեկի մասին տեղեկություններ անհրաժեշտ լինեն, ձեռքի տակ կլինի կապերի արխիվը: Շատ արագ հնարավոր կլինի հասկանալ, թե ով է այդ մարդը, և ովքեր են նրա ընկերները»,- ասել է Ասանժը:
Ներկայումս Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայում, որտեղից նրան պետք է արտահանձնեն Շվեդիա: Իշխանությունները վերջինիս մի շարք մեղադրանքներ են ներկայացրել` սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու համար:












































