Իրանը կրճատել է Իսպանիա արտահանվող նավթի ծավալները: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը` հիմնվելով իրանական Press TV-ի վրա:
Հայտնի չէ, թե որքանով են կրճատվել դրանք: Անցյալ տարի Իսպանիա արտահանվող նավթի 12 %-ը, որն օրական կազմում է 160 հազար բարել, բաժին էր ընկնում Իրանին:
Բացի այդ, AFP-ի փոխանցմամբ, իսլամական հանրապետությունը մոտ ապագայում կարող է դադարեցնել ածխաջրածնի արտահանումը Գերմանիա և Իտալիա:
Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ռուսթամ Քաշեմին հայտարարել էր, որ երկիրն այլևս նավթ չի մատակարարում Հունաստանին:
Իրանի վերոնշյալ գործողությունները արվում են ի պատասխան Եվրամիության կողմից հաստատված նավթային էմբարգոյի: Փետրվարի վերջին նույն պատճառով Իրանը դադարեցրել է նավթ արտահանել Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա: Իրանի դեմ պատժամիջոցներ, բացի ԵՄ-ից, սահմանել է նաև ԱՄՆ-ը, որը ևս կասկածներ ունի, որ իրանական միջուկային ծրագիրը ռազմական ուղղվածություն ունի: Թեհրանը պնդում է, որ իր միջուկային հետազոտությունները բացառապես խաղաղ բնույթ ունեն:












































