Հաշվի առնելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքի առաջին էջում տեղադրված Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ հայտարարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՆ 06.04.2012թ N 160-Ա հրամանի իրավական հիմքերի և օրինաչափության մասին բազմաթիվ հարցումները՝ հետագա շահարկումերը կանխելու նպատակով ԵՊԼՀ ռեկտորը ստիպված է ներկայացնել այս հրամանի հետ կապված ողջ նամակագրությունը, ինչպես նաև 10.04.2012թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցի առաջին մասը:
Ցավոք, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը չի ուսումնասիրել մեր կողմից ներկայացված գրության մեջ բերված հիմքերը (տես 05.04.2012թ. 01-20/357-125-12 նամակը) և շտապել է արձակել հրաման, որտեղ առկա են նոր աղաղակող շեղումներ գործող օրենսդրությունից: Հատուկ ուշադրություն ենք ուզում հրավիրել նախարարի կողմից ստորագրված 29.03.2012թ. N 01/16/3098-12 «Ծանուցում» կոչված նամակին:
Այժմ լրացուցիչ ուսումնասիրություն է կատարվում հրամանում տեղ գտած նոր օրենսդրությանը հակասող դրույթների վերաբերյալ, որից հետո համալսարանը պատրաստվում է դիմել «Հիմնադրին» (ՀՀ Կառավարությանը) և դատարան՝ այս հրամանը չեղյալ համարելու հայցադիմումով, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին կարգապահական տույժի ենթարկելու առաջարկով:
Կից ներկայացվում են Եվրախորհրդի «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի» փորձագետների գործունեությունը կարգավորող փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև ԵՊԼՀ ռեկտորի և ՀՀ ԿԳ նախարարի միջև վերջին ամիսների նամակագրությունը:
Անհրաժեշտության դեպքում հրապարակվելու են լրացուցիչ պարզաբանումներ:









































