ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են,ո ր ապրիլի 10-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գործողությունների ծրագրի պաշտոնական ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Գործողության ծրագիրը մշակած աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում ԱՄՆ և Բրազիլիայի դեսպանությունների ներկայացուցիչները:
Փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մանրամասն ներկայացրել է իր գլխավորած աշխատանքային խմբի գործունեությունը, հատուկ շեշտելով, որ խմբում հավասարապես ընդգրկված էին ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նա ներկայացրեց Ծրագրի հիմնական դրույթները, որոնք առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը, ինչպես նաև պատասխանել է արտասահմանյան դիվանագետների հարցերին:
ՀՀ Գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվելու է միջազգային հանրությանը ապրիլի 16-18-ին Բրազիլիայի մայրաքաղաքում կայանալիք «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան հանդիպմանը:







































