Կրկնակի հոգեբուժական փորձաքննությունը նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին ճանաչել է մեղսունակ: Այս մասին հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին` հայտնում է The Local թերթը:
Կրկնակի բժշկական փորձաքննությունը ավարտվել է մարտի 21-ին: Մասնագետները շուրջօրյա հսկողություն էին սահմանել Բրեյվիկի նկատմամբ Դիկեմարկի հոգեբուժական հիվանդանոցում:
Իրենց դիտարկումների մասին խումբը հայտնել էր դատական հոգեբաններ Ագնար Ասպոսին ու Տերիե Տերրիսենին, որոնց հունվարին նշանակել էր Օսլոյի դատարանը:
Միևնույն ժամանակ, հոգեբանները մի քանի անձնական հանդիպումներ են ունեցել Բրեյվիկի հետ: Ներկայիս հոգեբանների ու նախորդների աշխատանքի տարբերությունն այն է, որ Ասպոսն ու Տերրիսենը անհատական զրույցներ են ունեցել Բրեյվիկի հետ:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին Սյուննե Սերհեյմն ու Տուրհեյր Խուսբյուն մի շարք զրույցներ էին ունեցել Բրեյվիկի, ինչպես նաև նրա ազգականների ու ընկերների հետ, ու եզրակացրել, որ նա անմեղսունակ է և անհնար է նրա նկատմամաբ իրականացնել քրեական հետապնդում:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկը Օսլոյի կառավարական թաղամասում ավտոմեքենա էր պայթեցրել, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել էր, 9-ը` վիրավորվել: Հետո Ուտոյե կղզում նա սպանել էր 69 և վիրավորել 33 մարդու: Դրանից հետո ծայրահեղականը հանձնվել էր ոստիկանությանը: Ապրիլի 16-ին կսկսվեն նրա դատալսումները:









































