Սիրիական իշխանությունները հույս ունեն, որ միջազգային դիտորդները, որոնք ժամանելու են Սիրիա, անկողմնակալ կլինեն իրենց աշխատանքում` հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը:
«Սիրիայի իշխանությունների շահերից է բխում կայունության հասնելը, բայց, հաշվի առնելով մեր նախորդ փորձը արաբական երկրների դիտորդների հետ, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ նոր դիտորդները կգործեն անկողմնակալ և կգրանցեն զինադադարի ցանկացած խախտում բոլոր կողմերից էլ»,- ասել է նա:
Սիրիայի արտգործնախարարի խոսքերով` Դամասկոսը տեխնիկական դեկլարացիա է ընդունել Սիրիայում միջազգային դիտորդների գործունեության մասին:
Հիշեցնենք, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիրը առաջ է քաշել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը: Այդ ծրագիրը նախատեսում մի շարք պայմանների իրականացում սիրիական կառավարության և ապստամբների կողմից:
Հիշեցնենք, որ հակակառավարական ելույթները Սիրիայում արդեն մեկ տարի է՝ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի թիվն արդեն անցնում է 9 հազարից։









































