Երևանում ապրիլի 14-ը հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար:
«Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաև բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները ևս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Զեկուցվել է, որ լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:









































