Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին չինական այցի ժամանակ ուղեկցող Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան Սինոպի ատոմակայանի կառուցման շուրջ երեք մոդելով բանակցություններ է վարում երեք երկրների հետ:
Յըլդըզը մանրամասնել է, որ խոսքը Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Չինաստանի մասին է: Յըլդըզը հավելել է, որ իրենք որևէ խնդիր չունեն Ռուսաստանի հետ, որը միջերկրածովյան Մերսինի նահանգի Աքքույու վայրում կառուցելու է Թուրքիայի առաջին ատոմակայանը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիան ու Չինաստանը ստորագրել են խաղաղ նպատակներով միջուկային ոլորտում համագործակցելու համաձայնագիր: Չի բացառվում, որ Չինաստանը կարող է Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում կառուցել Թուրքիայի երրորդ ատոմակայանը:








































