Սուրբ Զատկին ավելի քան 30 հազար մեծահասակ ու երեխա են հյուր գնացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու նրա ընտանիքին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, Սպիտակ տան հարավային մարգագետնում կայացել է մանկական ավանդական տոնակատարությունը՝ զատկական ձվերի գլորմամբ, սպորտային խաղերով, գիրք կարդալով, ուտեստների պատրաստմամբ, երաժշտական ելույթներով:
Այս ավանդույթն ԱՄՆ-ում սկզբնավորվել է դեռ 1878թ. երկրի 19-րդ նախագահ Ռեզերֆորդ Հեյզեի օրոք:
Ողջունելով հյուրերին Սպիտակ տան պատշգամբից՝ Օբաման հայտարարել է ձվերը գլորելու մրցության սկիզբն ու հայտարարել հաղթողի անունը: Այնուհետև նախագահը կնոջ ու դուստրերի հետ կարճ ժամանակով միացել է հյուրերին, նրանց համար գրքեր կարդացել, խաղացել երեխաների հետ ու մարզվել:
Դրանից հետո նա վերադարձել է Օվալաձև կաբինետ ու հանդիպել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի հետ:










































