Եվրոպայի ֆուտբոլի միությունը մոտ է աշխարհի և մայրցամաքների մրցաշարերի ընտրական խաղերի մեդիաիրավունքների կոլեկտիվ վաճառքի իր նախաձեռնության իրականացմանը: Եզրափակիչ պայմանագիրն արդեն ստորագրել են ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկված 53 միություններից 52-ը: Բացառություն է կազմում միայն Անգլիայի ֆուտբոլի միությունը: Այդ մասին հաղորդել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն, ով, իհարկե, հավաստիացրել է, որ անգլիացիները նույնպես շուտով կստորագրեն պայմանագիրը:
«Որոշ հարցեր շտկման կարիք ունեն: Սակայն անհանգստանալու կարիք չկա: Վստահ եմ, որ մենք կարող ենք համաձայնության հասնել»,- նշել է Ինֆանտինոն միջազգային կոնֆերանսի ժամանակ:
ՈւԵՖԱ-ի հեղափոխական գաղափարն ազգային հավաքականների խաղերի մեդիաիրավունքների վաճառքի կենտրոնացման մասին պետք է ապահովի բոլոր ազգային միությունների` հեռուստատեսությունից ստանալիք երաշխավորված եկամուտը:








































