ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը այսօր «Էրեբունի-Պլազա» հյուրանոցում Դաշնակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո ներկայացրեց ՀՅԴ նախընտրական ծրագիրը, որում դաշնակցականները կարևորել են մասնավորապես սոցիալական ուղղվածությունը:
ՀՅԴ 2012-2017 թվականների առաջնահերթություններն են չքավորության վերացումը, միջին խավի ձևավորումը, բարեկեցիկ կյանքի ապահովումը:
Ըստ ծրագրի՝ հանրային ծառայողների համար կսահմանվի բազային միասնական դրույքաչափ՝ 76 հազարական դրամ` ներկայիս 40 հազարի փոխարեն: Կվերանայվի կենսաթոշակային համակարգը՝ միջին կենսաթոշակը կկազմի 63 հազար դրամ` ներկայիս 31 հազարի փոխարեն:
Ա. Համբարձումյանը հավաստիացրեց, որ իրենք այդ ամենն իրականացնելու ներուժ ունեն:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտին՝ նշելով, որ տարբեր կառավարություններ տարբեր ժամանակներում գյուղատնտեսությունը համարել են գերակա ուղղություն, սակայն, ըստ նրա, տնտեսության այդ ճյուղը Հայաստանում մնում է ամենախոցելին:
Նրա խոսքով, գյուղատնտեսության բոլոր ուղղություններում` սկսած թունաքիմիկատներից մինչև տեխնիկայի ապահովում, պետք է իրականացվի ակտիվ սուբսիդավորում: Այսօր գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունը չի անցնում 15 մլրդ դրամից, սակայն Դաշնակցության ծրագրով չպետք է անցնի 60 միլիարդից:
ՀՅԴ պատգամավորը նշեց նաև, որ ի տարբերություն մնացած կուսակցությունների, որոնք իրենց ծրագիրը կազմելու համար հրավիրել են միջազգային փորձագետների, Դաշնակցությունը միայն տեղի տնտեսագետների օգնությանն է դիմել, քանի որ վստահ է` հայ տնտեսագետները միջազգային փորձագետներին չեն զիջում:
«Հայաստանում բևեռացվածությունը չպետք է այս աստիճանի լինի»,- համոզված է Ա. Մինասյանը: Ի դեպ, ի պատասխան դաշնակցական պատգամավորի խոսքի՝ հանդիպմանը ներկա ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն անընդհատ համաձայնության ռեպլիկներ էր թողնում:












































