Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանն օրերս հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության քաղաքական պատասխանատու Մոնիկա Իզիդորժիկի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախընտրական զարգացումներին առնչվող հարցեր: Վ. Կարապետյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի քարոզարշավի ծրագիրը եւ խոսել ընտրարշավին ընդառաջ իշխանությունների կողմից հարուցվող խոչընդոտների մասին:
Զրուցակիցները անդրադարձել են ընտրացուցակներում առկա մեծ թվով անճշտություններին: Այս կապակցությամբ դիտորդական առաքելության ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ առայսօր ՀՀ իշխանությունները չեն ցուցաբերել քաղաքական կամք՝ հրապարակելու Հայաստանից բացակա շուրջ 700.000 ընտրողների անունները:
Վ. Կարապետյանը նաեւ ընդհանուր գծերով ներկայացրել է նախօրեին չորս կուսակցությունների կողմից ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի ձեւավորման ընթացքը եւ դրա քաղաքական նշանակությունը:








































