«Բենֆիկա» ակումբը և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում տեղի ունեցած «Չելսի» – «Բենֆիկա» պատասխան հանդիպման ժամանակ մրցավարի սխալ որոշումների համար պատրաստվում են դիմել ՈւԵՖԱ: Այդ մասին հայտնեց ակումբի նախագահ Լուիշ Ֆիլիպե Վիեյրան:
«Մեր ակումբը ֆուտբոլի ֆեդերացիայի հետ միասին ցանկանում է ինչ-որ բան ձեռնարկել: Այս պահին ես չեմ կարող ասել, արդյոք ֆեդերացիան իրավասու է որևէ բան անել: Ե՛վ Լիսաբոնում, և՛ Լոնդոնում մեզ հնարավորություն չտվեցին պայքարից դուրս թողնել «Չելսի»-ին: Մենք դեռ կվերադառնանք Չեմպիոնների Լիգա: ՈւԵՖԱ-ն և Միշել Պլատինին դեռ կտեսնեն եվրոպական երեկոներ մեր մասնակցությամբ», – ակումբի նախագահի խոսքերը մեջբերել է Sky Sport-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում տեղի ունեցած «Չելսի» – «Բենֆիկա» առաջին հանդիպումն ավարտվեց «արիստոկրատներ»-ի հաղթանակով՝ 0:1 հաշվով: Պատասխան խաղում ևս հաղթեցին լոնդոնցիները՝ 2:1 հաշվով:







































