«Մաղթում եմ, որ բոլոր հայ աղջիկներին Գաբրիել հրեշտակապետը ավետում բերի»,- այսօր շնորհավորելով հայ կանանց ապրիլի 7-ի կապակցությամբ ասաց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը:
Անդրադառնալով տոնին՝ ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը նշեց. «Կուզենայի շնորհավորել բոլորին և մաղթել, որ սովորենք միմյանց հանդեպ հանդուրժող լինել, հարգենք մեզ և դիմացինին: Ու անկախ ընտրությունների ելքից կարողանանք միմյանց երեսին նայել բաց ճակատով»:
«Քրիստոնեության տարածման գործում հայ կանայք ունեցել են բացառիկ դեր: Մենք ունենք պատմությունից եկող հայ կնոջ կերպար և ունենք նաև այսօր հայ կանանց տեսակներ, ովքեր օրինակ են: Շատ է խոսվում գենդերի մասին, որը ինչ-որ իմաստով ծայրահեղացվում է: Ըստ իս` այն երբեմն նվաստացնում է հայ կնոջ կերպարը: Ստացվում է այնպես, որ հայ կինը իրենից ոչինչ չի ներկայացնում: Մինչդեռ հայ կինը շատ տղամարդկանցից մեծ գործ է անում»,- հավելեց «Դաշնակցության» անդամ Ռուզան Առաքելյանը:
Ըստ նրա` ապագա խորհրդարանում այս ընտրություններից հետո քանի կին կլինի, դա կարևոր չէ. «Կարևորը բովանադակությունն է և ոչ թե քանակը: Հայ կինը միշտ էլ իր տեղը գտել է, եթե, իհարկե, ցանկացել է: Ես չեմ ուզում հավատալ, որ տղամարդիկ կարող են այնքան խանգարել, որ կինը չգտնի իր տեղը այս կյանքում»:
Աճեմյանի կարծիքով` այս անգամ կանանց տոկոսն ապահովվելու է ՀՀԿ միջոցով, քանի որ կանայք մեզ մոտ համեմատաբար շատ են. «Ես կարծում եմ, որ մենք կհամալրենք մեր շարքերը, և մեր կանայք հետագայում հաջող կաշխատեն: Քաղաքականությունում պետք չէ բաժանում կատարել: Կին, թե տղամարդ պետք է կատարի իր պարտականությունը, որովհետև պատգամավորը մեկ օրում չի դառնում պատգամավոր: Եթե արածներիդ և ասածներիդ մեջ չկա հակասություն դու կարողանում ես ճիշտ գործել»:
«Օրենքը ասում է, որ ԱԺ-ում 20 տոկոսը կարող են լինել կանայք: Ուրեմն եկեք ապահովենք այդ տոկոսը: Իսկ թե ով իրեն ինչպես կարդարացնի, թող որոշի հասարակությունը»:
Խոսելով մարզում բնակվող կանանց մասին` ՀՀԿ պատգամավորը նշեց. «ՀՀԿ անդամների մեծ մասը կանայք են: Մենք ունենք և գյուղապետ, և համայնքապետ կանայք, որոնք մեզ շատ պետք են հենց մարզերում: Պարտադիր չէ, որ բոլորը հայտնվեն ԱԺ-ում: Իհարկե, շատ հաճելի է և ցանկալի կլիներ, բայց դա կախված է նաև նրանից, թե ինչքանով է կինը իրեն պատկերացնում խորհրդարանում»:
Այս կարծիքին հակադրվելով` Ռուզան Առաքելյանը ասաց. «Սահմանամերձ գյուղերում կանայք չկան, իսկ եթե կան էլ` այնքան զբաղված են կենցաղով, որ նման բաների ժամանակ չունեն, քանի որ նրանց ամուսինները արտագնա աշխատանքի են: Հայ գյուղը պահելը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է դարձել»:







































