«Ո՞ւմ եք դիմում, ո՞ր խորհրդարանին, Աբրահամյան Հովիկի, պետք է ասեի՝ Մուկի ղեկավարած խորհրդարանի՞ն: Մոռացե՞լ եք, որ նա մեղսակից է եղել մարտի 1-ին: Կամուրջները պետք է այրել այս իշխանությունների հետ ամեն իմաստով»,- մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱԺ-ին, հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Միաժամանակ նա ասաց, որ իշխանության մեջ գտնվող չինովնիկների մեծ մասը զոհեր են, քանի որ իշխանական բուրգի գագաթին գտնվողները կեղեքիչներ են: Նա տեղեկացրեց, որ «Սարդարապատ» շարժումը առաջարկել է այլընտրանքային խորհրդարան ստեղծելու գաղափարը: Անդրադառնալով Տիգրան Կարապետիչին` նա հարց ուղղեց. «Կարապետիչը հանգիստ խոսում է` փոխենք, հետո ի՞նչ ես անելու, ումո՞վ ես անելու»:
«Սարդարապատ» շարժման անդամը կարծիք հայտնեց, որ բռնապետությունների օրոք պետք չէ ընդդիմություն խաղալ, ամեն ինչ պետք է տեղի ունենա փողոցում: Միաժամանակ նա հայտարարեց, որ եթե իշխանությունները ևս մեկ անգամ հանդգնեն բռնի ուժ կիրառել ժողովրդի դեմ, ժողովուրդը պետք է պատասխանի բռնի ուժով: Նա ասաց, թե ինքը տեղեկություն ունի, որ 2008 թ. մարտի 1-ի կեսօրին ներքին զորքերում ծառայողների մի մասը փախել է տուն: «Նա, ով կարծում է, թե բանակը դուրս կգա ժողովրդի դեմ, թող մտքից հանի դա: Հիշեք, թե ինչպես մարտի 1-ին բանակը եկավ, կանգնեց ժողովրդից կիլոմետրերով հեռու: Մինչև ժողովուրդը տուն չգնաց, չցրվեց, նրանք չհամարձակվեցին բանակը մոտեցնել ժողովրդին: Բանակը միանալու է ժողովրդին»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Նա քաղաքացիական պատերազմը մեր երկրում համարում է անհնարին:







































