Կուբայի բնակիչների համար ավելի քան կես դար ընդմիջումից հետո Ավագ ուրբաթն այս տարի հանգստյան օր է: Գլխավոր ծիսական արարողությունը, որն առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակել է պետական հեռուստաալիքը, տեղի է ունեցել Հավանայի Մայր տաճարում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, պատարագը կատարել է Հավանայի արքեպիսկոպոս Հայմե Օրտեգան: Արարողությանը ներկա են եղել զբոսաշրջիկներ, ընդդիմադիր «Սպիտակազգեստ կանայք» շարժման ներկայացուցիչներ: Տեղի ժամանակով ժամը 15:00-ին հնչել են Հավանայի բոլոր եկեղեցիների զանգերը:
Ավագ ուրբաթն այս տարի Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի խնդրանքով Կուբայում հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Այնուամենայնիվ, իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել՝ արդյո՞ք այդպես կլինի նաև հաջորդ տարիներին:
Ավագ ուրբաթ օրերին և Ծննդյան տոներին հանգստյան օրերը հանվել են նախորդ դարի 60-ական թվականներին՝ Կուբայի հեղափոխական իշխանությունների կողմից: Վերջին ամիսներին, սակայն, աշխարհիկ իշխանությունների և եկեղեցու հարաբերությունները զգալիորեն ջերմացել են:









































