Սիրիայի ԱԳ և գաղթականների հարցերով նախարար Վալիդ Մուալլեմը ապրիլի 9-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: Այս մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ում:
Նախարարի այցի ծրագրում նախատեսվում են բանակցություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում, ինչպես ենթադրվում է, կողմերը կարծիքներ կփոխանակեն արդի միջազգային ու տարածաշրջանային հարցերի, և առաջին հերթին՝ Սիրիայում բարդ իրադրության ու դրա շուրջ ծավալված գործողությունների մասին:
Բացի այդ, Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է ռուս-սիրիական բարեկամական և բազմակողմանի հարաբերությունների վերաբերյալ հարցերի քննարկում:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը «շարունակում է իր սկզբունքային գիծը՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման և առանց օտար միջամտության Սիրիայում խաղաղ կարգավորման ուղղությամբ»։









































