Ռոսկոսմոսն ու Եվրոպական տիեզերական գործակալությունը համաձայնության են եկել ExoMars նախագծի շուրջ: Այս մասին հաղորդում է RIA NOVOSTI-ն:
Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինի և Եվրոպական տիեզերական գործակալության տնօրեն Ժան – Ժակ Դորդենի հանդիպումը տեղի է ունեցել այսօր Մոսկվայում:
Համաձայնագրի վերջնական ստորագրումը նախատեսվում է 2012-ի նոյեմբերին: Մինչ այդ կողմերը կհստակեցնեն նախագծի ֆինանսավորման հարցերը: Ի դեպ, նախագծի արժեքը 1.4 միլիարդ դոլար է: ExoMars-ի առաքելությունը բաղկացած է երկու փուլից: 2016 թվականի իրականացվելք առաջին փուլն ընդգրկում է Trace Gas Orbiter-ի ուղարկումը Մարս: Սարքը կուսումնասիրի Կարմիր մոլորակի մթնոլորտը: Նախատեսվում է նաև մոլորակի մակերևույթին տեղակայել օդերևութաբանական զոնդ:
Երկրորդ փուլի իրականացումը նախատեսված է 2018-ին: ՆԱՍԱ-ն նույնպես պետք է մասնակցեր նախագծին, սակայն ամերիկյան տիեզերական գործակալությունը սույն թվականի փետրվարին հայտարարեց առաքելությունից հրաժարվելու մասին: Պատճառը բյուջետային կրճատումներն էին:










































