«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարարում եմ` իմ համայնքի ոչ մի բնակչի մազը չի պակասել: Դրանք սուտ հերյուրանքներ են, թե ում է ձեռնտու` չգիտեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սարդարապատի համայնքապետ, ՀՀԿ-ական Բաբկեն Վարդանյանը` հերքելով, որ այսօր առավոտյան իր ղեկավարած համայնքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել:
«Մեր գյուղը մեծ համայնք է, բայց արդեն 22 տարի աշխատում եմ, բոլորին ճանաչում եմ, նման բան մեր համայնքում չի եղել, մեր համայնքի բնակիչներից վիրավորվածներ չկան, ոչ մի ըտենց բան չկա: Դրանք սուտ հերյուրանքներ են: Մեր տարածքում շատ համայնքներ կան, կարող է՝ խառնում են մեր համայնքի հետ, չեմ հասկանում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ վերջերս բանտից վաղաժամկետ ազատված Սամսոն Պողոսյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին իր տնից դուրս են հրավիրել թիվ 21 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ թեկնածու Մերուժան Շատինովի Մխոյանին և վեճի բռնվել: Ըստ ականատեսների` տեղի է ունեցել ծեծկռտուք, որից հետո Մերուժան Մխոյանը գնացել է Նահապետ Գևորգյանի հարազատ գյուղ՝ Հոկտեմբեր, և շարունակել վեճը:
Նշենք, որ առավոտյան «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Արմավիրի բաժին էլ հաղորդում է ստացվել, որ ձախ քունքային շրջանի կտրվածք վերք, մաշկի, ենթամաշկի անոթների վնասվածք, քունքային ճաք, ձախ ձեռնաթաթի մատների տրավմատիկ ամպուտացիա ախտորոշմամբ Արմավիրի հիվանդանոց բուժօգնության է բերվել 1982 թ. ծնված Առնակ Կ.-ն («Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Կուռզինյան), և ժամը 10:10-ին ոստիկանության Մեծամորի բաժնից հաղորդում է ստացվել, որ ձախ կոնք-ազդրային շրջանի կտրվածք վերք ախտորոշմամբ Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Սամվել Պ.-ն (մեր տեղեկություններով՝ Պողոսյան):
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առնակ Կ.-ն և Սամվել Պ.-ն մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:











































