Աֆղանստանում ավելի քան 30 տարվա մեջ առաջին անգամ վերսկսվել են երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուսումնական թռիչքները: Մինչ այդ աֆղան օդաչուները մարզվում էին արտասահմանում:
Jane’s հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ապագա աֆղան օդաչուները օդ են բարձրացել մարտի 24-ին Cessna 183 երեք ինքնաթիռներով Գերատ մարզի Շինդանդ ավիաբազայից, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Վարժություններից առաջ օդաչուներն անցել են անգլերենի պարտադիր կուրս:
Ընդհանուր առմամբ, նոր ուսումնական խմբի մեջ ներառվել է աֆղանական ռազմաօդային ուժերի 7 զինծառայող: Cessna 183-ով 4 ամսվա թռիչքներից հետո նրանք կվարժվեն Cessna 208 Grand Caravan մակնիշի ինքնաթիռներով: Ուսումնական վարժանքն ավարտելուց հետո նրանք հնարավորություն կստանան սովորեցնել նորեկներին կամ ծառայության անցնել ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներում:
Jane’s-ը նշում է, որ Շինդանդ ավիաբազայում ուսումնական վարժանքներ են անցկացնում ուղղաթիռների վրա: 2011 թ. դեկտեմբերին այդ նպատակի համար աֆղանները ստացել են 6 ամերիկյան թեթև MD 530F ուղղաթիռ:







































