Ռուսաստանը և Բելառուսն ապրիլի 9-ին կվերսկսեն ավիահաղորդակցման խնդրի շուրջ բանակցությունները: ITAR-TASS-ի փոխանցմամբ` նման պայմանավորվածություն այսօր հեռախոսով ձեռք են բերել ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և Բելառուսի փոխվարչապետ Անատոլի Կալինինը:
Լևիտինն ասել է, որ մտահոգված է բելառուսական ավիաիշխանությունների ծրագրերից, որոնց համաձայն՝ ապրիլի 13-ից միակողմանի կարգով նվազեցվելու են Մինսկ-Մոսկվա-Մինսկ ամենօրյա չվերթները:
Նախարարի կարծիքով՝ նման որոշումը հակասում է մարտի 29-30-ը տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին: Այդ ժամանակ երկու երկրների ավիաիշխանությունները համաձայնության էին եկել, որ չվերթները մինչև մայիսի 10-ը իրականացվելու են օրական հինգ անգամ:
Գործակալության փոխանցմամբ՝ Կալինինն ընդունել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարի փաստարկները:
Ըստ RIA Novosti-ի՝ «Բելավիա» ավիաընկերությունն իր հերթին հինգշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական կողմն ապրիլի 13-ից արգելում է ավիաընկերությանը չվերթներ իրականացնել ՌԴ շրջաններ, բացառությամբ` Մոսկվայի: Ավիաընկերության գլխավոր տնօրեն Իգոր Չերգինեցը նշել է, որ «Բելավիա»–ն միակն էր, որը ավիահաղորդակցություն ուներ Ռուսաստանի շրջանների հետ:







































