Սիրիական զորքերն ապստամբներից ազատել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Թաֆթանազ քաղաքը և դրան հարող բնակավայրերը: Ինչպես հաղորդում է պետական Sana գործակալությունը, հաջող իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել են մեծ թվով զինյալներ, և ազատ են արձակվել նրանց կողմից առևանգված պատանդները: Թավթանազը, Խան-Շեյխունը և Մաարաթ Նումանը հյուսիսարևմտյան Իդլիբ մարզում հակակառավարական ուժերի վերջին խոշոր օջախներն էին:
Երկրի տնտեսական մայրաքաղաքում՝ Հալեպում, շարունակվում են մարտերը Սիրիայի ազատ բանակի և զինվորական հատուկ ստորաբաժանումների միջև: Ինչպես հաղորդում է Al-Mustaqbal հեռուստաալիքը, տանկերը և ուղղաթիռները ռմբակոծում են Անադան, Խարեթան և Հայյան թաղամասերում ապստամբների դիրքերը:
Սիրիական անկախ Al-Watan թերթը գրում է, որ կտրուկ սրվել է դրությունը Համա քաղաքում: Փողոցներում բախումներ են սկսվել զինվորների և զինված ծայրահեղականների միջև: Նշվում է, որ վերջիններս փորձել են փակել Դամասկոս-Հալեպ մայրուղին:
Սիրիայի իշխանությունների պնդմամբ՝ ընդդիմադիրների ջանքերն ուղղված են ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելության տապալմանը: Վերջինիս, նրանց խոսքերով, մինչ այժմ չի հաջողվել համոզել մի շարք պետությունների (Կատար, Թուրքիա, Սաուդյան Արաբիա) դադարեցնել ընդդիմության ֆինանսավորումը:












































