Ուկրաինայի գլխավոր դատախազությունը վերաբացել է 1996 թ. ձեռնարկատեր Եվգենի Շչերբանի սպանության գործը և այդ առիթով պատրաստվում է հարցաքննել երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային:
Սպանված ձեռնարկատիրոջ որդին՝ Ռուսլան Շչերբանը հայտնել է, որ ինքը հետաքննությանը որոշ փաստաթղթեր է հանձնել, որոնց համաձայն՝ Տիմոշենկոն կարող է մասնակցություն ունենալ իր հոր սպանության գործում: Նա նաև ասել է, որ այդ գործով վկայություն է տվել գլխավոր դատախազությունում:
Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, թե ապացույցներ ունի, որ Շչերբանի սպանությունը պատվիրվել է նախկին վարչապետին պատկանող ընկերությունների կողմից:
«Այդ գործով Տիմոշենկոն պետք է հարցաքննվի»,- ասել է գլխավոր դատախազը:
Նրա խոսքերով՝ նախկին վարչապետին սկզբում կքննեն որպես վկայի:











































