Սուդանն այսօր հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր ռազմաօդային ուժերին պատկանող «ՄիԳ-29» կործանիչը նախօրեին խփվել է հարավսուդանական հակահրթիռային պաշտպանության կողից: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Չորեքշաբթի Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ սուդանական երկու կործանիչներ ռմբակոծել են հարավսուդանական Էլ-Վախդա նահանգի նավթահանքերը և դրանցից մեկը ոչնչացվել է իրենց ուժերի կողմից:
«Կործանիչի խփման մասին լուրերը չեն կարող ճշմարիտ լինել, քանի որ մենք այդ կարգի ինքնաթիռներ չենք օգտագործում »,- հայտարարել է Սուդանի ռազմական ղեկավարության ներկայացուցիչներից Աս-Սավարմի Խալիդը:
Նա հավելել է, որ ինչ-որ խմբավորումներ չերեքշաբթի գրոհել են սուդանական բանակի դիրքերը, որը պատասխան կրակ է բացել:
Անցած շաբաթ Սուդանի ու Հարավային Սուդանի միջև սահմանային շրջաններում ռազմական կոնֆլիկտ էր ծագել նավթով հարուստ շրջանների շուրջ:





































