Դանիացիները կրկին ճանաչվել են որպես ախարհի ամենաերջանիկ ազգ: Այս անգամ նրանց աշխարհի ամենաերջանիկն է ճանաչել ՄԱԿ-ի հրապարակած World Happiness Report-ը: Աշխարհի երջանկության մասին զեկույցի հեղինակները Կոլումբիայի համալսարանի հայտնի տնտեսագետներ Ջո Հելիուելը, Ռիչարդ Լեյարդը և Ջեֆրի Սաքսն են:
Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ երջանկության վարկանիշային աղյուսակի առաջատարները սկանդինավյան երկրներն են: Երկրորդ հորիզոնականում է Ֆինլանդիան, երրորդում՝ Նորվեգիան: Շվեդիան իր բնակիչների երջանկության ցուցանիշով հայտնվել է աղյուսակի 7-րդ հորիզոնականում: ԱՄՆ-ն 11-րդ, իսկ Մեծ Բրիտանիան՝ 18-րդ տեղում են:
Ամենաապերջանիկ երկրներն են Տոգոն և Բենինը, որոնք էլ եզրափակում են աղյուսակը: Եվրոպայում տեղակայված լինելը երջանկության չափանիշ չէ: Օրինակ՝ Բուլղարիան 146-րդ տեղում է, իսկ Ռուսաստանը՝ 76-րդ:
Աղյուսակը կազմվել է 2005-2011 թվականների ընթացքում 156 երկրներից յուրաքանչյուրի՝ 15 տարեկանից բարձր 1000 բնակիչների շրջանում անցկացված հարցումների հիման վրա: Բնակիչներն իրենց երջանկությունը՝ քաղաքական ազատությունների, սոցիալական ապահովագրության և կոռուպիայի բացակայության տեսակյունից գնահատել են 1-10 բալանոց սանդղակով: Այսպիսով՝ երջանիկ դանիացիները իրենց երջանկությունը գնահատել են 8 բալ։
Ջեֆրի Սաքսը հետազոտության արդյունքներով հաստատում է, որ բնակչության երջանկությունը ամենևին կապ չունի երկրի տնտեսական զարգացման հետ: 1960-ականներից ԱՄՆ-ն տնտեսական վիթխարի աճ է գրանցել, սակայն մարդկանց երջանկությունը դրանից չի շահել: Երջանկության գրավականը, ըստ գիտնականների, առողջությունն ու սոցիալական հարաբերություններն են: