Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը (ԶՈՒԲԽ), որն այս պահին ղեկավարում է երկիրը, պատրաստ է փոխանցել իշխանությունը ընտրված քաղաքացիական նախագահին, անգամ եթե մինչ այդ սահամանադրությունը մշակված չլինի:
«Բանակը իշխանությունը կհանձնի Եգիպտոսի նորընտիր նախագահին հունիսի վերջին, անգամ եթե սահմանադրական հանձնաժողովը ավարտած չլինի երկրի հիմնական օրենքի մշակման աշխատանքները» ,- հայտարարել է ԶՈՒԲԽ ղեկավարի իրավական հարցերով խորհրդարական Մամդուհ Շահինը:
Մարտի սկզբին խորհրդարանի կողմից ընտրված 100 անդամներից բաղկացած սահմանադրական հանձնաժողովը սկսեց երկրի հիմնական օրենքի մշակման աշխատանքները, որում, ի թիվս այլ հարցերի, պետք է սահմանվեն պետության ղեկավարի լիազորությունները: Գործող օրենսդրության համաձայն՝ Եգիպտոսի նախագահի համընդհանուր ընտրությունները արդեն նշանակված են, և Եգիպտոսի տարածքում դրանք տեղի կունենան մայիսի 23-24-ը: Նոր նախագահի անունը կհայտարարվի հունիսի 21-ին: Մինչև հուլիսի սկիզբը, ենթադրվում է, որ ԶՈՒԲԽ-ն պետք է ցած դնի իր բոլոր լիազորությունները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Շահինի խոսքերով՝ ԶՈՒԲԽ-ն չի պատրաստվում միջամտել սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը, ինչպես և չի պատրաստվում թույլ տալ, որ որևէ այլ կողմ միջամտի նրա գործունեությանը կամ խոչընդոտի նրա աշխատանքներին»:
Շահինն ինքը հանձնաժողովի անդամ է և ընտրվել է որպես ԶՈՒԲԽ ներկայացուցիչ:
Ենթադրվում է, որ սահմանադրական հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն ավելի քան 6 ամիս: Այնուհետև տեղի կունենա համաժողովրդական հանրաքվե, որի օրն առայժմ որոշված չէ:






































