Սպիտակ տունն այսօր հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները հանդիպել են «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիտորն ասել է, որ «Մուսուլման եղբայրների» մի քանի ներկայացուցիչներ գտնվում են Վաշինգտոնում և երեքշաբթի օրը Սպիտակ տանն ընդունելության են արժանացել բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից:
«Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է կապեր ունենալ բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք պարտավորվում են հետևել դեմոկրատական և բռնություն չկիրառելու սկզբունքներին, իսկ դա համապատասխանում է ԱՄՆ շահերին:
Բոլոր բանակցություններում մենք շեշտում ենք փոքրամասնությունների և կանանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, ինչպես նաև հայտարարել ենք տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մեր անհանգստությունների մասին»,- ասել է Վիտորը. սենատորներ Ջոն Մաքքեյն ու Լինդսի Գրեմը նույնպես հանդիպել են այդ պատվիրակության հետ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Մուսուլման եղբայրները» մեծամասնություն է ստացել խորհրդարանի երկու պալատներում: