Ապրիլի 10-ին «Կոնգրես» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի կունենա բնապահպանական կոնֆերանս: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները:
Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել ՀՀ բնապահպանական ամենահրատապ խնդիրները և առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ: «Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ, առաջարկում ենք նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման և մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար»,- նշում են բնապահպանները:
Ըստ նրանց` վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն:
Կոնֆերանսի ընթացքում նախատեսվում են 15 րոպեանոց ելույթներ, յուրաքանչյուր ելույթից հետո կլինի 15 րոպեանոց հարցուպատասխան: Մի քանի ելույթներից հետո կլինի կարճատև ընդմիջում:
Թեմաները` ընտրվել են ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները. /օրակարգը կցվում է/.
• Հանքարդյունաբերություն,
• Քաղաքաշինություն,
• Անտառներ,
• Ջրերի աղտոտում,
• Կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ:







































