ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հերքել է օրերս հրապարակված այն տեղեկությունը, որ Աննա Չափմանը ձերբակալվել է Բարաք Օբամայի մոտ շրջապատի պաշտոնյաներից մեկին գայթակղելու փորձերի պատճառով: Այս մասին հաղորդումէ ABC News-ը:
Չափմանի ձերբակալության այդպիսի հնարավոր պատճառի մասին գրել էր բրիտանական The Independent թերթը՝ վկայակոչելով «Ժամանակակից լրտեսներ» վավերագրական ֆիլմում Հետախուզությունների դաշնային բյուրոյի հակահետախուզության ղեկավար Ֆրենկ Ֆիլյուցիի հայտարարությունը:
Նա մասնավորապես ասել էր, որ բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք մտավախություն ունեին, որ հմայիչ ռուս լրտեսուհին պատրաստվում է գայթակղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շրջապատին պատկանող մարդկանցից մեկին:
Այժմ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ Ֆիլյուցին խոսել է ոչ թե Չափմանի, այլ Սինթի Մերֆիի ՝ մեկ այլ ռուս լրտեսուհու մասին, որը ձերբակալվել էր Չափմանի հետ լրտեսություն անելու կասկածանքով:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Մերֆին կապ է պահպանել Ալան Պատրիկոֆի հետ, որին համարում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական ընկերը: Պատրիկոֆը վստահեցրել է, որ ինքը Մերֆիի հետ երբեք չի խոսել քաղաքականության մասին:
«Ժամանակակից լրտեսներ» վավերագրական բազմասերիանոց ֆիլմը BBC հեռուստաալիքի եթերում ցուցադրվում է ապրիլի 2-ից:
Հիշեցնենք, 2010 թ. հունիսին ԱՄՆ-ում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել էր Աննա Չափմանը և ևս 9 հոգի: