Ազատ, արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է քաղաքական կամք՝ միասնական շտաբը, հնարավոր է, չօգնի. այսօր Քաղաքագետների միությունում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը` խոսելով չորս քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի կողմից ստորագրված հայտարարության մասին:
Հիշեցնենք, որ ըստ այդ հայտարարության՝ ընտրությունների հանրային վերահսկողության համար պետք է ստեղծվի միասնական շտաբ:
Վ. Օսկանյանը նշեց, որ միայն միասնական շտաբը կարող է նպաստել ընտրությունների ազատ և արդար անցկացմանը, սակայն վերջիվերջո կարևոր է իշխանության քաղաքական կամքը. «Առանց դրա ընդհանուր շտաբը կարող է և չօգնել: Միասնական շտաբը միայն կարող է նպաստել դրան` խախտումներին հետևել, բոլորի ուշադրությանը հանձնել, բայց ես կարծում եմ, որ իշխանությունները, մենք էլ պետք է օգնենք նրանց՝ գիտակցելու, որ արդեն քսան տարի անց իրոք գոնե պետք է կարողանանք մեր ժողովրդի համար ընդունելի ազատ և արդար ընտրություններ անցկացնել»,- ասաց Վ. Օսկանյանը։
Նա հավելեց, որ ընդունված հայտարարությունը պետք է բաց լինի բոլորի համար, և լավ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերն էլ միանան: Ըստ նրա` այսօր մեր առջև առավել կարևոր խնդիր, քան ազատ և արդար ընտրությունների անցկացումն է, իսկապես չկա: Վարդան Օսկանյանի գնահատմամբ` դա համազգային խնդիր է, բոլորի համար կարևորագույն խնդիր:
Նա նշեց՝ եթե մենք մեկ անգամ ևս անցկացնենք ընտրություն, որին ժողովուրդը չհավատա, մենք ոչ մի առաջընթաց հաջորդ հինգ տարիներին չենք ունենալու:
«Ով ուզում է՝ թող ընտրվի, թող ընտրվի արդար, ժողովրդի կամքով, պարտվողները թող շնորհավորեն: Մեր խնդիրը սա պետք է լինի»,- պարզաբանեց նա:
Անդրադառնալով նախկինում արված այն հայտարարությանը, թե կոալիցիա չկա, պարզաբանեց, որ քաղաքագիտական իմաստով այն, ինչ Հայաստանում կա, դա ֆորմալ է: «Նույն հարցազրույցում, երբ ինձ հարցրել են, թե ինչու կոալիցիայից ԲՀԿ-ն դուրս չի եկել, ես չեմ պատասխանել՝ ասելով, որ այն, ինչին ես չեմ մասնակցել, չեմ կարող գնահատական տալ: Իմ արածը զուտ քաղաքագիտական իմաստով բացատրություն է եղել: Թե այս հինգ տարիներին ինչպիսի հարաբերություններ է եղել կոալիցիայի միջև, ես մասնակցություն չեմ ունեցել և դրան չեմ կարող գնահատական տալ»,- հստակեցրեց Օսկանյանը:
Ըստ նրա` կոալիցիան առկա է խորհրդարանում, կառավարությունում, սակայն կոալիցիոն ուժերը իրենք են որոշել ընտրություններին մասնակցել առանձին: Վ. Օսկանյանի համոզմամբ՝ ընտրարաշավը սկսելիս յուրաքանչյուրն իր այլընտրանքը պետք է ներկայացնի ժողովրդին, պետք է ներկայանա որպես այլընտրանք:
«ԲՀԿ-ն առանձին է գնում ընտրությունների, իր ծրագիրն ունի, որը ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության ծրագրի հետ: Մենք ընտրություններին գնում ենք, որպեսզի հաղթենք և խորհրդարանում հնարավորինս շատ ներկայություն ունենանք, փորձենք կազմել կառավարություն»,- նշեց ԲՀԿ անդամը` հավելելով, որ սա է ժողովրդավարությունը, որի համար պետք է պայքարենք:
Հարցին՝ հավատո՞ւմ է, թե ընտրություններով հնարավոր է որևէ բան փոխել, Վ. Օսկանյանը պատասխանեց՝ եթե ընտրություններով չէ, ապա ինչպե՞ս փոխել: Նա առաջարկեց ուսումնասիրել աշխարհի օրինակը:
«Եթե ժողովուրդը չի ցանկանում որևէ բան փոխել ազատ և արդար ընտրություններով, թող չփոխի: Միգուցե մենք ենք սխալ գնահատական տալիս: Եթե ժողովուրդը գոհ է իրավիճակից, թող չփոխի: Եթե ժողովուրդը դժգոհ է, կփոփոխի՝ այսօր լուրջ այլընտրանքներ կան, բայց որպեսզի ժողովուրդը զգա, որ իսկապես այդ այլընտրանքն ունի, պետք է համոզված լինի, որ ընտրություններն ազատ են լինելու»,- մեկնաբանեց Վ. Օսկանյանը:








































