ՀՌԱՀ-ը չի միջամտում եթերում բազմակարծության և ազատ խոսքի ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանի 2011 թվականի տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ այսօր այս մասին ասաց ինքը՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
«Խոսքի ազատության մասով ամենավատ վիճակը հեռուստատեսությունում և ռադիոյում է»,- ասաց նա:
Պատասխանելով քննարկման մասնակիցներից մեկի հարցին՝ արդյոք մարդու իրավունքների խախտում չի՞ համարում այն փաստը, որ մի քանի տարի առաջվա համեմատ՝ մեծամասնական և համամասնական ընտրակարգերով առաջադրվելու համար անհրաժեշտ գումարի չափը մեծացել է, Կարեն Անդրեասյանը բացասաբար պատասխանեց։
«Արտասահմանում նույնիսկ հատուկ են առաջադրումների համար անհրաժեշտ գումարի շեմը բարձրացնում, որպեսզի ամեն մի պատահական ուժ հնարավորություն չունենա մասնակցել ընտրություններին, և պայքար ծավալվի իրապես արժանի կուսակցությունների միջև»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին օրերին մեծ արձագանք գտած թեմաներից մեկին՝ ընտրացուցակների հնարավոր ուռճացվածության հարցին, Անդրեասյանը նկատեց, որ ՄԻՊ գրասենյակն ի գիտություն է ընդունել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի բարձրացրած հարցը:
«Գտնում եմ, որ հարցը զուրկ չէ տրամաբանությունից: Միաժամանակ, հուսով եմ, որ Ոստիկանությունը սպառիչ պատասխան և լուծում կտա այս հարցին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ-ը նաև տեղեկացրեց, որ վերջերս իրեն է դիմել պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ բողոքելով, որ իր հետ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի՝ վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը կեղծ է:
«Բողոքի հիման վրա մենք հարցում արեցինք համապատասխան բոլոր մարմիններին և տեղեկացանք, որ Սարոյանը, ճիշտ է, որոշ ժամանակահատվածով բացակայել է երկրից, սակայն բացակայությունները ոչ մի անգամ չեն գերազանցել 81 օրը: Փաստորեն, Հակոբ Հակոբյանին տեղեկացրինք, որ Սեյրան Սարոյանը ոչ մի ապօրինի գործողության չի դիմել»,- ասաց նա:







































