«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
-Պարոն Գասպարյան, ոստիկանությունում աննախադեպ ակտիվություն է նկատվում այս ընտրություններին: Նույնիսկ տպավորություն է, որ քաղաքական կառույց եք ղեկավարում, մինչդեռ ՀՀ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է:
-Իհարկե, ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի կարող այդպիսին լինել, իսկ ընտրությունները հանրապետական միջոցառում է, ու ցանկացած ընտրությունների ժամանակ ոստիկանության դերակատարումը, մեղմ ասած, շատ լուրջ է, քանի որ այն կապված է ամենախայտաբղետ իրավախախտումների հետ: Սկսած ցուցակների ճշգրտումից, թեկնածուների անվտանգությունից, տեղամասերի անվտանգությունից: Մենք որոշել ենք լավ կատարել մեր ֆունկցիոնալ պարտականությունները:
-Իհարկե, նախընտրական շրջանում Ձեզ ոստիկանապետ նշանակելն արդեն վկայում էր այս ընտրություններում Ձեր ակտիվ դերակատարման մասին, առավել ևս, որ, մեղմ ասած, ԲՀԿ-ին չեք սիրում…
-Եկեք էրոտիկան թողնենք մի կողմ` ում ենք սիրում, ում չենք սիրում: Եթե սիրելու խնդիր կա, ես սիրում եմ իմ հայրենիքը և ուզում եմ իմ երկրում ամեն ինչ լինի ըստ պատշաճի: Ինչ ա նշանակում այս կամ այն կուսակցությանը չսիրել: Ես չգիտեմ մի կուսակցություն, որի ծրագրերը վատն են, բոլորի ծրագրերը լավն են, և եթե մեծ հաշվով մենք նայենք բոլորի ծրագրերին, մի քիչ աջ, մի քիչ ձախ, բայց միևնույն ծրագրերն են, այնպես որ սիրել-չսիրելու խնդիր չկար:
-Օրերս Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ոստիկանները փորձել էին խուզարկել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանը: Արդյոք ոստիկանների այդ քայլը քաղաքական ենթատեքստ չունե՞ր: Առավել ևս, որ գրվեց` ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների թիմակիցների միջև է եղել վիճաբանությունը:
-Զեկուցեմ: Ոչ մի քաղաքական աստառ ես էնտեղ չեմ տեսնում, ուղղակի նյութական խնդիր է եղել, ինչ-որ մեկից գումար ստանալ-չստանալու հարց է եղել, թե ով է քաղաքականացրել, դա արդեն կուսակցությունների խնդիրն է: Ես քաղաքական միտում չեմ տեսնում կրիմիալի մեջ:
-Մի քանի ամիս է` զբաղեցնում եք ոստիկանապետի պաշտոնը, և տպավորություն է, որ ոլորտի միակ փոփոխությունը կադրային տեղափոխություններն են: Ըստ Ձեզ, այս ամիսների ընթացքում ի՞նչ առանցքային տեղաշարժեր են եղել համակարգում:
-Բոլոր փոփոխությունները դրական եմ ես դիտում, բավական է նայել մեր ամփոփագրերը, և դրանով աշխատանքի արդյունքը երևում է, նախկինում կատարված հանցագործություններ են բացահայտվում: Օրերս մեկ աղմկահարույց սպանություն ևս կբացահայտվի:









































