Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, վաղուց է կողմնորոշվել՝ քաղաքական ո՞ր ուժի օգտին է քվեարկելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին. նա իր ձայնը տալու է Հայ ազգային կոնգրեսին և նրա կողմից թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Սարգիս Քլոյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ միաժամանակ ավելացնելով, որ ՀԱԿ-ին, բացի իրենից, սատարելու են մարտի 1-ի զոհերի անխտիր բոլոր իրավահաջորդները:
«Հույս ունենք, որ ՀԱԿ-ը խորհրդարանում կարդարացնի մեր սպասելիքները: Նրա ընտրացուցակի առաջինից 20-րդ համարները զբաղեցնում են փորձված քաղաքական գործիչներ, տնտեսագետներ ու իրավաբաններ, ովքեր էլ, վստահ եմ, մեծ աշխատանք կտանեն ԱԺ-ում: Դրանից հետո մեզ գուցե բախտ վիճակվի իմպիչմենտի հարց բարձրացնել: Մեր միակ ճանապարհն իշխանափոխությունն է, և հուսով ենք, որ մեր երազանքը կկատարվի, ու մարտի 1-ի մեղավորները կբացահայտվեն»,- ասաց Սարգիս Քլոյանը:












































