Թուրքական İhlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Մերսինում մեկնաբանել է Ցյուրիխի գլխավոր դատախազության կողմից իր նկատմամբ քրեական գործ հարուցելու փակումը.
«Շվեյցարիայում հաղթեց խելամտությունը և կարևոր որոշում կայացվեց այդ երկրի իմիջի տեսանկյունից: Ես ողջունում եմ այդ որոշումը: Երբ Շվեյցարիայում արեցի այդ հայտարարությունը, ես նկատի ունեի Թուրքիայի Հանրապետության 75 միլիոն քաղաքացիներին, որոնցից յուրաքանչյուրն այդ հարցին կտար նույն պատասխանը»:
Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած Էգեմեն Բաղըշը հունվարի 28-ին Ցյուրիխում հայտարարել էր. «Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի ընդունած օրենքը որևէ նշանակություն չի կարող ունենալ։ Մենք հիմա Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն չեն։ Դե թող գան ու ձերբակալեն ինձ»:











































