Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցներիհետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները` կողմերը համոզմունք են հայտնել, որ հետայսու տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջև էլ ավելի կամրապնդվեն:
Տիկին Վասիլիկի Դիկոպուլուն արձանագրել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը եվրաինտեգրման ուղղությամբ մեծ քայլեր է արել: Նա նշել է, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին ԵՄ տարբեր կառույցների հետ հարաբերությունները էլ ավելի ակտիվացնելու համար:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` պարոն Շարմազանովը մասնավորապես նշել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, իսկ հասարակությունը վստահի ու հավատա բարեփոխումներին»:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ղարաբաղյան ու կիպրական հիմնախնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հունաստանի տնտեսական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին, հայկական ու հունական համայնքների կենսական խնդիրներին ու փոխադարձ ինտեգրմանը:









































