Արդեն այսօրվանից հանրապետությունը գտնվում է արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք հանրապետության տարածաքում կգործեն մինչև ապրիլի 6-ը ներառյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը`տեղեկացնելով առաջիկա օրերին եղանակային պայմանների մասին:
Նա նշեց, որ մինչև ապրիլի 6-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է: Նրա խոսքով` այսօր արդեն ջերմաստիճանն էապես բարձրացել է, և ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է մինչև ապրիլի 6-ը։ Այդ երեք օրվա ընթացքում ջերմաստիճանը մոտավորապես 4-8 աստիճանով կբարձրանա ողջ հանրապետության տարածքում:
«Ամենաբարձր ջերմաստիճանները կդիտվեն Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում, Սյունիքի մարզում, որտեղ տեղ-տեղ հնարավոր է մինչև 25 աստիճան տաքություն, մայրաքաղաքում գիշերային ժամերին ջերմաստիճանը կլինի 5-7, իսկ կեսօրին` 21-23 աստիճան տաքություն»,- մանրամասնեց Գ. Սուրենյանը` հավելելով, որ տեղումներ չեն սպասվում:











































