Կոլումբիայի զինված հեղափոխական բանակի զինյալները (FARC) երկուշաբթի ազատ են արձակել 10 զինվորականների և ոստիկանների, որոնց նրանք պատանդ էին պահում ավելի քան 10 տարի: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, արդեն նախկին պատանդները հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցներին: Բրազիլիայի կողմից տրամադրված ուղղաթիռով նրանք կտեղափոխվեն Վիլյավիսենսիո քաղաք, իսկ հետո՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտու:
Բոլոր պատանդների ազատարձակումը Կոլումբիայի իշխանությունների կողմից առաջ քաշված գլխավոր պայմանն էր FARC-ի հետ բանակցություններ սկսելու համար: 2012 թ. փետրվարին զինյալների ղեկավարությունը խոստացավ հրաժարավել պատանդներ վերցնելուց և ազատել իրենց մոտ մնացած պատանդներին: Մարտի սկզբին FARC-ի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց դադարեցնել զինված պայքարը:
FARC ձախ ծայրահեղական խմբավորումն իր զինված պայքարը Կոլումբիայի կառավարության դեմ սկսել է 1960-ականների կեսերին: Կոլումբիայում և մի շարք այլ երկրներում FARC-ը, որի կազմի մեջ մտնում է մոտ 8000 մարդ, դասվում է ահաբեկչական խմբավորումների շարքը:








































