Հունգարիայի խորհրդարանն այսօր ընդունել է նախագահ Պոլ Շմիտի հրաժարականը, ով հեռացել է պաշտոնից՝ մեղադրվելով իր գիտական ատենախոսությունը գրելիս գրագողություն անելու մեջ:
Հրաժարականին կողմ են քվեարկել 338 պատգամավորներ, 5-ը դեմ են եղել, 6-ը՝ ձեռնպահ:
Հրաժարականի հարցն առաջացել էր անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ 1992 թ. նրա գրած ատենախոսության մեջ հայտնաբերվել են գրագողության փաստեր: Բուդապեշտի համալսարանի որոշմամբ՝ նա մարտի 29-ին զրկվել է գիտական աստիճանից:
Մարտի 30-ին նախագահ Շմիտը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից, որ կապ չի տեսնում իր պաշտոնի և 20 տարի առաջ գրված գիտական աշխատանքի միջև:
Նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնելու է խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը:








































