«Աուտիզմով հիվանդները հիմնականում ունեն հաղորդակցության հետ կապված խնդիրներ, հիմնականում առողջ մարդկանցից տարբերվում են խոսքի և լեզվի օրինաչափությունների և ոչ խոսքային շփումների խանգարումով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մանկական հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Մարուք Եղիյանը: Նա ասաց, որ հիվանդությունը տարածված է հիմնականում երեխաների շրջանում, պատճառները բազմազան են. հոգեբանական տրավմաներ, երեխայի բաժանումը ծնողի ց, վախեր և այլն:
Բժշկի հավաստմամբ` ՀՀ-ում այսօր չկան հատուկ ուսումնասիրություններ կամ ստույգ թվեր, ըստ որոնց` կարելի է եզրակացնել, թե քանի հիվանդ կա Հայաստանում, սակայն աշխարհում նկատվում է աուտիզմով հիվանդների շատացման միտում. «Դա մի կողմից պայմանավորված է նրանով, որ հիվանդությանը ճիշտ ախտորոշում չեն տալիս, օրինակ` սրանից 20 տարի առաջ այս հիվանդությունը դիտարկվում էր որպես մտավոր հետամնացություն, բայց ընդհանրապես այս հիվանդություններն ունեն մեկ ընդհանուր նշան և իրարից շատ տարբեր են»:
Խոսելով ՀՀ-ում հիվանդության բուժման ձևերի մասին` հոգեբույժն ասաց, որ այն իրականացվում է հոգեբանական ծրագրերով, կարևոր է ծնողի դերը` հիվանդությունը ճիշտ ժամանակին ախտորոշելու և բուժելու համար։ «Երբ ծնողները դիմում են մեզ, մենք ներկայացնում ենք հիվանդության մանրամասները, որ կարողանան ճիշտ հաղորդակցվել երեխաների հետ: Որոշ դեպքերում նաև միջամտում ենք նրանց հարաբերություններին` շփման նախադրյալները լավացնելու համար»,– ասաց Եղիյանը:
Նշենք նաև, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնին կից գործում է «Արբես» կենտրոնը, որը զբաղվում է աուտիզմով հիվանդ երեխաների բուժմամբ: Այժմ Orange հիմնադրամը ևս ծրագրում է օգնություն ցուցաբերել աուտիզմով հիվանդ երեխաներին:







































