ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ապրիլի 3-ին Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ իրենք կքննարկեն «այն առաջընթացը, որին հասել է Վրաստանը»՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում։ Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:
Ապրիլի 3-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի հանձնաժողով–Վրաստան հանդիպումը:
Պատասխանելով Սաակաշվիլիի հետ հանդիպման մասին լրագրողների հարցին՝ Ռասմուսենն ասել է. «Մենք կգնահատենք այն առաջընթացը, որն ունեցել ենք այս համագործակցության շրջանակներում»։ «Մենք իրադրությունը կքննարկենք տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, կքննարկենք նաև Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- հավելել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանն աֆղանական օպերացիայում մեծ ներդրում ունի: «Վրաստանը այն երկրներից մեկն է, որը մեծ ներդրում ունի և Վրաստանը որոշել է կրկնապատկել այդ ներդրումը, որից հետո նա կդառնա այն երկիրը, որը, ՆԱՏՕ-ի անդամ չլինելով, այնուհանդերձ, Աֆղանստանում կունենա զինծառայողների ամենամեծ թիվը, և, բնականաբար, բոլոր դաշնակիցները գնահատում են դա»:
«Բնականաբար, մենք ևս մեկ անգամ կկրկնենք այն, ինչն արդեն որոշել ենք 2008 թ. Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա այն դեպքում, եթե բավարարի բոլոր անհրաժեշտ չափանիշներին»:










































